Ալեքսանդրիայում հունվարի 16-ին փլուզված բնակելի շենքի փլատակների տակից փրկարարները 25 մարմին են հանել: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Նախապես հաղորդվել էր 14 զոհերի մասին:
Ութհարկանի բնակելի շենքը փլվուզել էր վաղ առավոտյան` Ալեքսանդրիայի խտաբնակ Մաամուր թաղամասում: Կան 15 վիրավորներ, որոնք տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ դեպքի վայրում երկաթբետոնե կոնստրուկցիաները եւ փլատակները հեռացնելու աշխատանքին միացել էին Եգիպտոսի ռազմածովային նավատորմի զինծառայողները եւ տասնյակ կամավորներ: Ըստ Ալեքսանդրիայի իշխանությունների ստեղծած տեխնիկական հանձնաժողովի հրահանգի` անվտանգության նկատառումներով հարեւան տներից տարհանվել են բոլոր բնակիչները:
Մաամուրում փլուզված բնակելի շենքը կառուցվել էր հինգ տարի առաջ՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի, այնտեղ եգիպտական 24 ընտանիք էր բնակվում:




























