Ալժիրում մի քանի տասնյակ օրատերկրացիների պատանդ վերցրած գրոհայինները նրանցից մի քանիսին ստիպել են մահապարտի գոտի հագնել, հայտնել է պատանդներից մեկը, ով կարողացել է զանգահարել եթեր: Տղամարդը հայտնել է, որ ծայրահեղականները լավ զինված են եւ անընդհատ սպառնում են պայթեցնել British Petroleum ընկերության գազային օբյեկտը, որի տարածքում պահում են պատանդներին, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին, ահաբեկիչները կանգնեցրել են ավտոբուսը, որում գիշերային հերթափոխը վերադառնում էր հանքավայրից, որը գտնվում է Լիբիայի սահմանին գտնվող Ին Ամենաս քաղաքից 40 կմ հեռավորության վրա:
Արդյունքում տեղեկություն է հաղորդվել, որ հարձակման հետեւանքով ծայրահեղականները սպանել են երկու մարդու՝ բրիտանացու եւ ալժիրցու, ինչպես նաեւ վիրավորել 2 բրիտանացու եւ 1 նորվեգացու:
Հաղորդվում է որ պատանդներից 7-ը ԱՄՆ քաղաքացի է, կան նաեւ բրիտանացիներ, ֆրանսիացիներ եւ մեկ ճապոնացի: Այնուհետեւ հայտնի է դարձել, որ գրոհայիններն սկսել են աստիճանաբար ազատ արձակել իրենց հայրենակից պատանդներին: Ընդհանուր առմամբ, ներկայումս նրանց մոտ կա 41 օտարերկրացի պատանդ:
Ծայրահեղականները բարձրաձայնել են իրենց պահանջները՝ Ալժիրը պետք է հրաժարվի Ֆրանսիային տրամադրել իր օդային տարածքը Մալի թռիչքների համար, ինչպես նաեւ բանտերից պետք է ազատ արձակվեն շուրջ 100 ալժիրցի մահմեդական ծայրահեղականներ: Բացի այդ, ահաբեկիչները պահանջել են, որպեսզի իրենց հնարավորություն տրվի լքել երկիրը՝ պատանդների հետ միասին:
Ավելի ուշ քաթարական «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի եթերում պահանջել են վերացնել շրջափակումը, որը կազմակերպվել էր տեղի ոստիկանության ուժերով: Ավելի վաղ Ալժիրի իշխանությունները հայտարարել էին, որ չեն բանակցելու ահաբեկիչների հետ:




























