Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող գրեթե բոլոր թեկնածուներն իրենց ծրագրերում ներառել են դրույթներ գիտության վերաբերյալ, այն հռչակելով գերակա եւ ռազմավարական ոլորտ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նշեց, որ գիտությունն իր համար` որպես գիտնականի եւ դասախոսի, առաջնահերթություն է եւ ընդգծեց, որ այսօր Հայաստանում գիտնականներն անտեսված են եւ պետության, եւ հանրության կողմից: 

«Երբ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը հայտնվում է նախընտրական ցուցակում հիսունքանիերորդ տեղում, մականունավորներից հետո, ըստ այդմ իմանալով, որ ինքը չի ստանալու մանդատ` սա վկայում է երկրում գիտության հանդեպ վերաբերմունքի մասին», - ասաց նա:

Ա. Հարությունյանը նշեց, որ պետությունը պետք է գիտնականի կողքին լինի եւ պետք է նրան պատվեր տա, պետությունը պետք է նախաձեռնող լինի: «Պետությունը պետք է ոչ թե նպաստ տա գիտությանը, այլ՝ պատվեր», - ասաց նա, հավելելով, որ ավելի մանրամասն գիտության մասին կխոսի իր նախընտրական ծրագիրը ներկայացնելուց հետո:

Նախագահի թեկնածուներից ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւս խոստացավ ներկայացնել գիտության մասին ծրագրային դրույթները քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո, նշելով միայն, որ իր ծրագիրը համակարգային բնույթ ունի եւ, իհարկե, գիտության զարգացման հեռանկարները կարեւորված են:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել է հետեւյալը. «Խնդիրներ կան որ կամային դրսեւորումներ են պահանջում եւ կան խնդիրներ, որ կապուած են ծախսագումարի (բիւջէի) վերաբաշխման հետ։ Պէտք է պատրաստ լինել երկուսին էլ: Գիտութիւն նշանակում է երեւոյթների ստեղծագործական ընկալում։ Միթէ այն կարող է ստորադասուել, եթէ դու առաջընթացի ու բարեփոխումների կողմնակից ես․․․»: Թե կոնկրետ ինչպես ինքը կվերաբաշխի բյուջեն հօգուտ գիտնականների մեկնաբանելու խնդրանքին, Հայրիկյանը պատասխանեց.  «Հնարաւոր առաւելագոյնը․դա ռազմավարական խնդիր է»:

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը խոստանում է գիտության ֆինանսավորումը հասցնել բյուջեի 10 տոկոսին, ինչը կազմում է ՀՆԱ 3-4 տոկոսը։

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի տեսակետներն այս խնդրի վերաբերյալ քաջ հայտնի են, նրանք բազմիցս այդ մասին խոսել են եւ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով ԱԺ-ում: Գործող նախագահի կարծիքը եւս հայտնի է` վկա ներկայիս քաղաքականությունը գիտության ասպարեզում: Միայն Անդրիաս Ղուկասյանի կարծիքը այս հարցի շուրջ անհայտ մնաց` մեր հարցումը նա թողեց անպատասխան:

Անահիտ Սարգսյան