ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն իր ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիի միջոցով ներողություն է խնդրել Նյու Յորքում կազմակերպության անդամների համար կազմակերպված ամանորյա համերգի ժամանակ սերբական քայլերգի կատարման համար:
«Դրինուի քայլերգը» բողոք է առաջացրել բոսնիացիների շրջանում, քանի որ այն իրենց մոտ ասոցիացվում է սերբ զինվորների կողմից բոսնիացիների զանգվածային սպանությունների հետ: «Մենք խորապես ցավում ենք, որ այդ երգի կատարումը վիրավորել է մարդկանց: Ակնհայտ է, որ գլխավոր քարտուղարը չի իմացել, թե ինչի մասին է երգը, ինչպես նաեւ, թե ինչպես է այն օգտագործվել նախկինում»,-հայտարարել է Բան Կի-Մունի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: Նա պարզաբանել է, որ երգը նախատեսված չի եղել տոնակատարության ծրագրում եւ դրա կատարումը յուրատեսակ էքսպրոմտ է եղել:
Միաժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Վուկ Երեմիչը հայտարարել է, որ սերբերին վիրավորում է այդ ամանորյա երաժշտական նվերի իմաստը խեղաթյուրելու փորձը: Նրա խոսքով՝ իրականում երգը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քաջ սերբ զինվորին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Եվրոպայում գոյություն ունի ավանդույթ՝ ամանորի տոնակատարություններն ավարտել զինվորական երգով, որն աշխարհին ուղղված ուղերձ է պարունակում: Վիեննայում համերգների ժամանակ կատարվում է ավանդական «Ռադեցկիի քայլերգը», այդպես է եղել նաեւ Նյու Յորքում «Դրինուի քայլերգի» հետ»,-ընդգծել է Երեմիչը:




























