Այսօր՝ հունվարի 18-ին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Շիրակի մարզում երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներ Իռենա Ֆելմանին (Գերմանիա) եւ Փեթր Փրեցլիկին (Չեխիա):
Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ, ողջունելով դիտորդներին՝ Սամվել Բալասանյանը կարեւորեց խմբի առաքելությունը եւ վստահեցրեց, որ իր լիազորութունների շրջանակներում կաջակցի վերջիններիս առջեւ դրված խնդիրների իրականացմանը:
Դիտորդները շնորհակալություն հայտնեցին Գյումրիի քաղաքապետից ընդունելության համար եւ հակիրճ ներկայացրին իրենց առաքելության նպատակները: Վերջիններս Գյումրիի քաղաքապետին ուղղեցին ընտրական օրենսգրքի եւ Գյումրիում կազմակերպվող ընտրական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Դիտորդները տեղեկացրին նաեւ, որ ընտրություններից կարճ ժամանակահատված առաջ ժամանելու են նաեւ կարճաժամկետ դիտարկում իրականացնող առաքելության անդամներ:




























