Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ նորընտիր Կոնգրեսին կոչ է անում ավելացնել Հայաստանին ուղղված ֆինանսական օգնությունը եւ ընդլայնել ծրագրերը, որոնց նպատակը երկկողմ առեւտրի եւ ներդրումային համագործակցության առաջխաղացումն է:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նամակով դիմել է կոնգրեսականներին, ներկայացնելով մի շարք բարենպաստ գործոններ, որոնք նպաստում են առեւտրին եւ ներդրումներին, մասնավորապես, միջազգային կառույցների զեկույցներում առկա վերջին ձեռքբերումները:

Այսպես, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանը «Doing Business 2013» զեկույցում գտնվում է 32-րդ հորիզոնականում, որը հրապարակել է Համաշխարհային բանկը: «The Wall Street Journal»-ի զեկույցում Հայաստանը տնտեսական ազատությունների ցուցանիշով գտնվում է 38-րդ հորիզոնականում, իսկ եւ «Heritage Foundation»-ի զեկույցում՝ 17-րդ հորիզոնականում (43 եվրոպական երկրների շարքում)՝ առաջ անցնելով Բելգիայից, Ֆրանսիայից եւ Իսպանիայից:

 Ներկայացված են նաեւ «Freedom House»-ի աշխարհում ազատությունների մասին զեկույցի արդյունքները , որտեղ Հայաստանը բարելավել է իր վարկանիշը քաղաքական իրավունքների ոլորտում:

Նամակում նշվում է, որ Հայաստանը նաեւ ԱՄՆ-ի ուժեղ գործընկերն է անվտանգության ոլորտում: Հայ խաղաղապահներն օգնության են հասել կոալիցիոն ուժերին Իրաքում, Աֆղանստանում եւ Կոսովոյում: