Թուրքիայի պահանջով եւ ՆԱՏՕ-ի որոշմամբ Թուրքիա ուղարկվելիք Patriot հրթիռային կայանքների տեղափոխման եւ անձնակազմի ծախսերը մտահոգում են Գերմանիային եւ Հոլանդիային։ Հոլանդացի պատգամավորներն այս խնդրի մասին տեղեկացրել են իրենց թուրք գործընկերներին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիա-Հոլանդիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամները Անկարայում քննարկել են Հոլանդիայից ուղարկվելիք եւ Patriot հրթիռային կայանքների տեղակայման հարցերը։
Հանդիպման ժամանակ հոլանդացի պատգամավորները նշել են, թե Patriot հրթիռային կայանքի 2 մարտկոց Թուրքիա ուղարկելը Հոլանդիայի վրա նստելու է 40 մլն եվրո, սակայն բաց է մնում հետագայում մարտկոցների տեղափոխման եւ 360 հոգանող զինվորական անձնակազմի ծախսերի մասը։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ այս հարցի կարգավորման մասին դրույթ չկա։ Հոլանդացի պատգամավորները պնդել են, թե այդ բաց մնացող ծախսերը պետք է Թուրքիան փակի, քանի որ իրենք չեն կարող իրենց ժողովրդին պարզաբանում տալ։
Թուրք պատգամավորներիվ Հասան Հուսեյին Թուրքօղլուն նշել է, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում Աֆղանստան եւ մի շարք այլ երկրներ զինվորներ է ուղարկում եւ դրանց ամբողջ ծախսերը Թուրքիան է հոգում, ինչին ի պատասխան հոլոնդացի պատգամավորներից մեկն ասել է. «Patriot-ները ՆԱՏՕ-ինը չեն, մերն են։ Իսկ այն երկրները, որտեղ դուք զինվորներ եք ուղարկում, աղքատ են, դրա համար դուք գումար չեք վերցնում»։
Հրապարակման մեջ նշվում է, որ Գերմանիան եւս պահանջում է, որ Թուրքիան հոգա իր ուղարկած Patriot-ների տեղափոխման եւ անձնակազմի ծախսերը։




























