ԱՄՆ-ում ռազմական երկու կործանիչ օդ են բարձրացվել Հավայան կղզիներից թռչող ուղեւորատար օդանավին ուղեկցելու համար, երբ անհայտ անձը հայտնել է, թե օդանավն իբր առեւանգել են ահաբեկիչները:
Պարզվել է, որ ՀԴԲ-ն անանուն զանգ էր ստացել, որով հաղորդել էին, թե օդանավում ահաբեկիչ կա: Ռազմաօդային ուժերի երկու կործանիչ հսկել են ինքնաթիռի թռիչքը եւ վայրէջքը Սիեթլում: Վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է եւ հարցաքննել այն տղամարդուն, որի անունը հայտնել էր ահազանգողը, սակայն պարզվել է, որ ուղեւորը կասկածելի ոչինչ չի արել, հաղորդում է vesti.ru-ն:
ՀԴԲ-ում ենթադրում են, որ զանգը կամ կատակ է եղել, կամ էլ՝ կեղծ ահազանգ: Այդ կապակցությամբ հատուկ ծառայությունների աշխատակիցները մտադիր են ստուգում անցկացնել: «Եթե տղամարդը հանցագործ լինի, Սիեթլում ՀԴԲ-ի բաժանմունքն ուղեւորին կկալանավորի: Եթե կատակ եղած լինի, ապա Հոնոլուլուի ՀԴԲ-ի բաժանմունքը կսկսի որոնել զանգահարողին», - բացատրել է վկաներից մեկը:




























