Պակիստանի ֆինանսական վերահսկողության ազգային բյուրոյի քննիչ Քամրան Ֆեյսալին, ով զբաղվում էր երկրի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆի դեմ հարուցված գործով, այսօր՝ հունվարի 18-ին, մեռած են գտել Իսլամաբադի հյուրանոցներից մեկում, որտեղ նա ապրում էր գործընկերների հետ:
«Նրա մարմինը հայտնաբերվել է իր համարում: Ենթադրաբար, նա ինքնասպան է եղել»,-հայտնել է բյուրոյի ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պակիստանի գերագույն դատարանը հունվարի 15-ին որոշել էր մեկ օրվա ընթացքում կալանավորել երկրի վարչապետ Աշրաֆին՝ կաշառք վերցնելու մեղադրանքով, երբ դեռ զբաղեցնում էր ջրային ռեսուրսների եւ էներգետիկայի նախարարի պաշտոնը: Սակայն հակակոռուպցիոն բյուրոն ավելի ուշ հայտարարել էր, որ չունի բավարար հիմքեր՝ դատարանի որոշումը կատարելու համար:




























