ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը չի աջակցի Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձեւին, լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային գործերով  հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

 «Ադրբեջանական կողմը չի ընդունում այդ պահանջի իրավականությունը, քանի որ դեռ  դեկտեմբերին բանտերից ազատել է 14 կալանավորի», - բացատրել է Պուշկովը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի բանաձեւի նախագծում պարունակվող պնդմանը, թե այժմ  Ադրբեջանում իրենց պատիժն են կրում տարիներ առաջ դատապարտված 107 «մոռացված քաղբանտարկյալներ», Պուշկովը նշել է, որ  ադրբեջանական կողմն արդեն անհրաժեշտ ապացույցները ներկայացրել է, որ այդ անձինք չեն կարող քաղաքական դրդապատճառներով դատապարտվածներ համարվել: 

Հաջորդ շաբաթ Ստրասբուրգում բացվող ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին նախատեսվում է լսել զեկույց եւ «Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին» բանաձեւ ընդունել,  որտեղ երկրի իշխանություններից կպահանջեն անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին: