Ռուսաստանը չի աջակցի Հարավային Կովկասում հումանիտար իրավիճակի մասին ԵԽԽՎ-ի զեկույցին՝ դրա ավելորդ քաղաքականացման պատճառով:  Այդ մասին հունվարի 18-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային գործերով  հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

Ըստ նրա՝ «Պատերազմ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ. հումանիտար իրավիճակը պատերազմից տուժած տարածքներում» զեկույցի քաղաքական  պահերը դարձել են կռվախնձոր. մասնավորապես շվեդ զեկուցող Թինա Ակետոֆտը,  անտեսելով ռուսական կողմի առարկումները, Աբխազիան եւ Հարավային Օսիան  համառորեն անվանում է վրացական տարածքներ: 

«Հումանիտար տեսանկյունից պետք է լուծվի մարդկանց, այլ ոչ թե տարածաշրջանի տարածքային պատկանելության խնդիրը», - ասել է ռուսական պատվիրակության ղեկավարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ նա հայտնել է, որ ԵԽԽՎ-ի հունվարի նստաշրջանին ռուսական պատվիրակությունը պնդելու է, որպեսզի Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք մարդու իրավունքների խախտման մասին զեկույց նախապատրաստվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

« Վրաստանի ընդդիմության հայտարարություններից պարզվում է, որ բազմաթիվ ապօրինություններ են կատարվել (Սահակաշվիլիի կառավարման օրոք)», - ասել է նա: Բացի դրանից, հարցեր կան Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության հետաքննության արդյունքների վերաբերյալ: