Հունվարի 18-ին Սիդնեյում 150 տարիների ընթացքում գրանցվել է ամենաշոգ օրը։ Քաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 45,8 աստիճանի։ Անցած ռեկորդը սահմանվել է 1939 թվականին՝ 45,3 աստիճան։

The Sydney Morning Herald-ը գրել է, որ շոգը խափանումներ է առաջ բերել քաղաքի տրանսպորտի աշխատանքում: Բացի այդ, Սիդնեյում դադարեցվել է մոնոռելսային ճանապարհի աշխատանքը, երբ նրա տակ այրվել են խոտերը։

Տաքության պատճառով Ավստրալիայի անտառներում բռնկվել են հրդեհներ, որոնց մեծ մասը՝ Նոր Հարավային Ուելս եւ Վիկտորիա նահանգներում։ Հունվարի 18-ին հաղորդվել է մեկ զոհի մասին։ Տղամարդու դիակը հայտնաբերվել է այրված մեքենայի մեջ՝ Վիկտորիա նահանգում։

Այս ամառային շրջանի ջերմաստիճանային ռեկորդը սահմանվել է ոչ միայն Սիդնեյում, այլ նաեւ երկրի ուրիշ քաղաքներում։ Հունվարի 7-ին Ավստրալիայում միջին ջերմաստիճանն եղել է 40,33 աստիճան։ Այնուամենայնիվ, այս շրջանում չի գերազանցվել Ավստրալիայում երբեմնի գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը՝ 1960 թվականի հունվարի Օդնադատա քաղաքում գրանցվել է 50,7 աստիճան տաքություն, գրում է «Լենտա.ռու»-ն։

Գիտնականներն Ավստրալիայում այդ անբնական շոգը կապում են կլիմայի ընդհանուր տաքացման հետ։