Ալժիրի զինվորականները, երկրի հարավում գտնվող Տեգենտուրին անապատում գտնվող նավթագազային համալիրում մի քանի հարյուր պատանդների ազատելու գործողության ընթացքում ոչնչացրել են 18 ահաբեկիչների: Այս մասին հայտնել է ալժիրական ԱՊՍ գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրները:

Ճապոնական նախագծային JGC կորպորացիան հաստատել է, որ Ճապոնիայի 7 քաղաքացիներ, որոնք աշխատել են ահաբեկիչների կողմից գրոհի ենթարկված համալիրում, ներկայումս անվտանգության մեջ են, հաղորդել է ԿԻՈԴՈ գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի հաղորդվել էր, որ զինվորակնները գերությունից ազատել են 4 օտարերկրացու (երկու բրիտանացի, մեկ ֆրանսիացի եւ մեկ քենիացի): Այլ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 600 ալժիրցիների հաջողվել է փախչել գերությունից:
Ալժիրի իշխանությունները տեղեկություններ չունեն առնվազն 22 պատանդի ճակատագրի մասին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Այդ մարդկանց թվում կարող են լինել նաեւ օտարերկրացիներ: Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղ են գտնվում իր 13 քաղաքացիները, որոնք եւս աշխատել են այդ օբյեկտում: Բացի այդ, անհայտ կորել են 14 ճապոնացիներ եւ մի քանի բրիտանացիներ: