Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի հետ: Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ռազմական եւ ռազմաարդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների պլանում նախարարը առանձնացրել է ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ ՉԺՀ-ին, նաեւ նշել է եվրոպական մի շարք երկրների հետ Երեւանի  հարաբերությունների զարգացման մասին:

Արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությանը զուգահեռ Հայաստանն ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմարդյունաբերական համալիրը: Սեփական արտադրության նմուշները Հանրապետությունը ցուցադրել է նաեւ զորավարժություններում: Նախարարն ընդգծել է, որ գերճշգրիտ սպառազինումն ի վիճակի է ոչնչացնել թշնամու տարածքում ցանկացած թիրախ ՝ միաժամանակ վնաս չպատճառելով բնակչությանը: 

Անդրադառնալով խաղաղարարների գործունեությանը՝ Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ հայկական ստորաբաժանումները Կոսովոյում եւ Աֆղանստանում մասնակցում են միջազգային առաքելություններին, ավելի վաղ մասնակցել էին նաեւ Իրաքի  առաքելությանը: Նախորդ տարի ՀԱՊԿ շրջանակում հայկական ստորաբաժանումը մասնակցել է Ղազախստանի խաղաղարարական զորավարժություններին:  Ընդ որում նախարարը նշել է, որ Հայաստանում ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում խաղաղարարների ստորաբաժանման ձեւավորումն սկսվել է ավելի վաղ, քան կազմակերպության  մյուս երկրներում:  

Սեյրան Օհանյանը նաեւ ընդգծել է, որ  նախորդ տարի ընդունվել էին ռազմարդյունաբերական համալիրի զարգացման սկզբունքները եւ ծրագիրը, որոնք հաստատվելուց հետո կյանքի կկոչվեն: