Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է դարձել, հայտարարել է նրա դատապաշտպան Սերգեյ Վլասենկոն։
«Նա լոգարանում էր։ Երբ ես ներս մտա, ինձ թվաց, թե նա մահացել է։ 2 րոպե շարունակ նա ինձ չէր ճանաչում։ Ես մասնագետ չեմ, բայց իրավիճակը ճգնաժամային է»,- Վլասենկոյի խոսքերը մեջբերում է ՈւՆԻԱՆ գործակալությունը։ Տիմոշենկոյի համար բժիշկներ են կանչել։ Նրանց գնահատականը նախկին վարչապետի առողջության հետ կապված՝ հայտնի չէ։
2011 թվականի վերջից 7 տարվա ազատազրկման պատիժը Խարկովի բանտում կրող Տիմոշենկոն, արդեն ութ ամիս բուժվում է խարկովյան հիվանդանոցում։ Անցած շաբաթ նա քաղաքացիական անհնազանդության ցույց է արել՝ բողոքելով կլինիկայում հսկողության տակ մնալու պայմանի դեմ։ Նախկին վարչապետը հայտարարել է, որ հիվանդանոց չի վերադառնա, քանի դեռ այնտեղի սենյակներում տեսախցիկներ կան։
Խարկովի կիեւյան տարածաշրջանային դատարանը հունվարի 18-ին շարունակելու է քննել Տիմոշենկոյի դեմ հարուցված երկրորդ քրեական գործը, որով նրան մեղադրել են ֆինանսական խարդախությունների մեջ 1990-ական թվականներին, երբ նա գլխավորում էր այդ ժամանակներում ամենախոշոր «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգ» կորպորացիան։
Երկրորդ հարուցված գործի վերաբերյալ ոչ մի դատական նիստի Տիմոշենկոն դեռ չի մասնակցել։ Դատական նիստը միշտ հետաձգվում է։ Այսօր Տիմոշենկոն հերթական՝ 13-րդ անգամ հրաժարվել է դատարան ներկայանալ։ Վլասենկոն չի բացառել, որ նախկին վարչապետին կփորձեն ուժով տանել դատական նիստին։




























