«Կասպերսկիի լաբորատորիայի» մասնագետների բացահայտած «Կարմիր հոկտեմբեր» կիբերլրտեսական խոշոր ցանցն աստիճանաբար  դադարեցնում է աշխատանքը, գրում է Mashable-ը՝ վկայակոչելով տեղեկատվության ազատության ոլորտի մասնագետների հայտարարությունները:

Այսպես, ըստ Rapid7 ընկերության ուսումնասիրող Կլաուդիո Գուարնիերիի, կիբերլրտեսական ցանցի ենթակառույցը ներկայումս գրեթե ամբողջովին ապամոնտաժվել կամ «այլ վայր է տեղափոխվել»: Նրա հետ համամիտ է «Կասպերսկիի լաբորատորիայի» աշխատակից Կոստին Ռայուն, որը հայտարարել է, որ ցանցն սկսել է «անհետանալ»  հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Կարմիր հոկտեմբեր» կիբերլրտեսական ցանցի հայտնաբերման մասին  հայտնի էր դարձել նախորդ շաբաթ: Ըստ փորձագետների՝ կիբերլրտեսները գաղտնի տեղեկություններ եւ աշխարհաքաղաքական տվյալներ են որսում: Նրանց հիմնական թիրախը ամբողջ աշխարհում դիվանագիտական եւ կառավարական կառույցներն են:  Հարձակման ենթարկված երկրների ցուցակում է նաեւ Հայաստանը: