Ալժիրից նոր տեղեկություններ են ստացվում ազատված եւ զոհված պատանդների մասին: Պաշտոնական ԱՊՍ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ալժիրի բանակի գործողությունների արդյունքում շուրջ 650 պատանդներ ազատվել են գրությունից նավթագազային համալիրի տարածքում:

Նախնական տվյալների համաձայն՝ ազատվածների շարքում 573-ը ալժիրցիներ են, մոտ 70-ը՝ օտարերկրացիներ: Հաղորդվում է նաեւ, որ ընդհանուր առմամբ, ահաբեկիչների մոտ գտնվել է 132 օտարերկրացի մասնագետ: Ավելի քան 60 օտարերկացի պատանդների ճակատագիրն այս պահին անհայտ է, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ նշվել էր, որ Ալժիրի իշխանությունները տեղեկություններ չունեն առնվազն 22 պատանդների մասին, որոնց շարքում կարեղ են լինել նաեւ օտարերկրացիներ: Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե որտեղ են գտնվում իր 13 քաղաքացիներից 7-ը: Բացի այդ, անհայտ կորել են նաեւ 14 ճապոնացիներ եւ մի քանի բրիտանացիներ:

Ալժիրի բանակի ներկայացուցիչը հաստատել է, որ պատանդների ազատագրման գործողության ընթացքում մի քանի տասնյակ օտարերկրացի պատանդ է զոհվել: