Ոկրաինական ազգայնականների կազմակերպության ղեկավար Ստեփան Բանդերային Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կողմից Ուկրաինայի հերոսի կոչում շնորհելը վնասում է պատմական երկխոսությանն ու հաշտեցմանը, փետրվարի 4-ին հայտարարել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին։

Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ ՈւԱԿ-ը եւ ՈւԱԲ-ը (Ուկրաինական ապստամբական բանակը) Ռեչ Պոսպոլիտայի (Լեհաստանի նախկին անվանումը, խմբ.) արեւելքում ոչնչացրել են ավելի քան 100 հազար լեհերի, «միայն նրա համար, որ նրանք լեհ էին»։

Ըստ Կաչինսկու՝ այդ սպանությունները միանշանակ բողոք են առաջ բերում լեհ հասարակության մեջ։

Բանդերային հետմահու մեծարելու հարցում, Կաչինսկու կարծիքով, "քաղաքական շահերը վեր են դասվել պատմական ճշմարտությունից։

Կաչինսկին նշել է, որ ժողովրդավարական, ազատ եւ ինքնիշխան պետությունների՝ Լեհաստանի եւ Ուկրաինայի, հուսալի եւ ամուր գործընկերությունը բխում են երկու երկրների շահերից. «Պետք չէ, որ մենք մոռանանք դա», նշել է Լեհաստանի նախագահը։

Այսօր Վարշավայում ուկրաինական դեսպանատան, մյուս քաղաքների հյուպատոսարանների մոտ կկայանան բողոքի ակցիաներ՝ Ստեփան Բանդերային Ուկրաինայի հերոսի կոչում շնորհելու դեմ, հաղորդում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ անկախացումից ի վեր Ուկրաինան, ինչպես մյուս խորհրդային երկրները, սկսեց վերագնահատել իր ազգային արժեքները, եւ Ստեփան Բանդերային, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարում էր ուկրաինական ազատագրական շարժումը Խորհրդային Միության դեմ, եւ մեծ գործ կատարեց Ուկրաինայում ազգային վերազարթոնքի գործում, սկսեց մեծարել, որպես ազգային հերոսի, իսկ հետագայում նաեւ պետականորեն շնորհեց այդ բարձր կոչումը։ Բանդերային հերոսի կոչում տալու որոշումը Յուշչենկոն ընդունել էր 2010թ. հունվարի 22-ին։