Ալժիրի հարավ-արեւելքում գտնվող նավթագազային համալիրում 4 ահաբեկիչներ են ձերբակալվել: Այս մասին հաղորդում է տեղի «Աշ-Շուրուք» հեռուստաալիքը: Իրականացված հատուկ գործողության ընթացքում վիրավորվել է մեկ ֆրանսիացի պատանդ եւ ալժիրցի մի սպա:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էր, որ Ին Ամենաս քաղաքի մոտ գտնվող նավթագազային օբյեկտում սկսվել է գրոհայիններին վնասազերծելու երկրորդ փուլը, ովքեր թաքնվել են օբյեկտի տարածքում՝ վերցնելով մի քանի պատանդներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ալ կաիդայի» հետ առնչություններ ունեցող «Արյունով ստորագրված» ահաբեկչական խմբավորման անդամները նավթագազային օբյեկտի տարածքում մի քանի հարյուր պատանդներ էին վերցրել, այդ թվում օտարերկրացի փորձագետներ: Իշխանությունները հրաժերվել են բանակցություններ վարել ահաբեկիչների հետ եւ առաջարկել են նրանց հանձնվել:
Առաջարկն անպատասխան է մնացել եւ Ալժիրի հատուկջոկատայինները գրոհայիններին վնասազերծելու գործողություն են սկսել: Ներկայումս բնակելի ավանն ամբողջությամբ մաքրվել է գրոհայիններից, իսկ գործարանի տարածքում դեռ գործողությունները չեն ավարտվել:
Նախնական տվյալներով՝ զինվորականներն արդեն ազատել են 650 պատանդների, այդ թվում 573 ալժիրցու եւ մոտ 100 օտարերկրացու: Եւս 30 օտարերկրացի պատանդների ճակատագիրն անհայտ է: Ոչնչացվել է առնվազն 20 ահաբեկիչ:




























