Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին պաշտոնապես սպանության մեղադրանք են առաջադրել:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պուշկոն պատմել է, որ Տիմոշենկոն եւ նախկին մեկ այլ վարչապետ Պավել Լազարենկոն 3 միլիոն դոլարով պատվիրել էին ժողովրդական պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանությունը: Հանցագործությունը կատարվել էր 1996թ.:

«Էխո Մոսկվին» հայտնում է, որ Տիմոշենկոյին ցմահ բանտարկություն է սպառնում, Լազարենկոյի պատժաչափը չի հստակեցվում:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն այժմ իր ժամկետն է կրում Ռուսաստանի հետ կնքած գազային պայմանագրերի համար: Լազարենկոն վերջերս էր ազատվել ԱՄՆ-ի բանտից` խաբեբայության  համար կրած ժամկետից հետո: Ներկայումս նրա գտնվելու վայրն անհայտ է:
«Ատոն» խոշոր ֆինանսական ձեռնարկության ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանը սպանվել էր 1996թ.` Դոնեցկի օդանավակայանում: Մարդասպանների փամփուշտներից զոհվել էին նաեւ Շչերբանի կինը եւ օդանավակայանի աշխատակից: 2012թ. ապրիլին Շչերբանի որդի Ռուսլանը հայտնել էր, որ քննությանը փաստաթղթեր է հանձնել սպանությանը Տիմոշենկոյի ենթադրյալ մասնակցության վերաբերյալ: