Վենեսուելայի քաղցկեղով հիվանդ նախագահ Ուգո Չավեսին տեղափոխել են Բժշկական եւ վիրաբուժական հետազոտությունների կենտրոն, որն այլ կերպ անվանում են նաեւ գաղտնի հոսպիտալ:

Այդ հիվանդանոցը գտնվում է Հավանայի ամենամեծ՝ Հեղափոխության հրապարակի տակ գտնվող ստորգետնյա բունկերում:

Ստորգետնյա հիվանդանոցը կառուցել էին Ֆիդել Կաստրոյի համար: Լրագրողները կարծում են, որ Չավեսին տեղափոխել են նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկության արտահոսքը բացառելու նպատակով: 

Չավեսի վիճակը ծանր է: Ըստ Univision հեռուստաալիքի` Վենեսուելայի նախագահը 40-50 ֆունտ քաշ է կորցրել: Նա խնդիրներ ունի նաեւ շնչառության հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` հեռացրել են նրա  աղիքի մի մասը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Չավեսի բուժման ընթացքում պետության ղեկավարի  պարտականությունները կատարում է Վենսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: Դեկտեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ Մադուրոյին է փոխանցվել նախագահի իրավասությունների մի մասը: Ավելի վաղ Չավեսը նաեւ հայտարարել էր, որ  նոր ընտրությունների դեպքում Մադուրոյին կհայտարարի իր ժառանգորդ (իրավահաջորդ):