Նախընտրական պաշտոնական քարոզչության առաջին օրը նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի կենտրոնում` Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ, հանդիպել է իր քաղաքական ուժի ակտիվի եւ կամավորների հետ (ֆոտոռեպորտաժ):

Մաշտոցի պողոտայում կայանել էին 20 մեքենաներ` Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերով, դրանք մարզեր կտեղափոխեն նախընտրական քարոզչություն ծավալող ակտիվիստներին: Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ, ի տարբերություն խորհրդարանական նախընտրական քարոզարշավի, երբ կուսակցության անդամները եւ ակտիվիստները մեկ ուղղությամբ էին գնում, այս անգամ քարոզարշավը կծավալվի զուգահեռ ինչպես մայրաքաղաքի 12 վարչական  շրջաններում, այնպես էլ մարզերում: 

«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լինել ցանկացած մեքենայում, ոը կուղեւորվի մարզ կամ  վարչական շրջան:  Ներկայիս նախընտրական քարոզարշավի նորույթն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ֆիքսված նախընտրական շտաբ չի ունենա, այս մեքենաներից յուրաքանչյուրը ինքնատիպ նախընտրական շտաբ է:  Կամավորներն ընտրազանգվածին կներկայացնեն Հովհաննիսյանի ծրագիրը», - նշել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կպահպանվի նաեւ մամուլի ասուլիսների եւ ընտրողների հետ հանդիպումների ձեւաչափը: Մարտիրոսյանը նաեւ վստահեցրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական  քարոզարշավն աշխույժ կլինի:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am