Առաջիկա ՀՀ նախգահական ընտրությունների Երեւանում քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ կարեւորել է Երեւանի քաղաքապետարանի եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի են կոչել համատեղ մի շարք ծրագրեր: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաեւ կազմակերպության առաքելությունը նախընտրական եւ ընտրական գործընթացներում:

«Քաղաքային իշխանությունները, օրենքով սահմանված կարգով, պատրաստակամ են իրենց լիազորությունների շրջանակում պատշաճ մակարդակով կազմակերպել ՀՀ  Նախագահի ընտրությունները եւ բոլոր թեկնածուների համար ապահովել հավասար պայմաններ: Քայլեր են ձեռնարկվել նաեւ ընտրատեղամասերում թեքահարթակների կառուցման եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար եւս պատշաճ պայմաններ ապահովելու ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաեւ հատկանշել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքապետարանը, ՀՀ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունների շրջանակում, արդեն իսկ 715 անվճար ցուցատախտակ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու համար: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նշել է, որ նախատեսվել են 33 դահլիճ, որոնք եւս անվճար կտրամադրվեն թեկնածուներին՝ ընտրողների հետ նախընտրական հանդիպումների կազմակերպման համար:

ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար եւ ողջունելով քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերը, նշել են, որ առաքելության ավարտին կամփոփվեն արդյունքներն ու կկազմվի համապատասխան արձանագրություն, որը կներկայացվի հանրությանը:

Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը հետեւողական է լինելու, որպեսզի  12 վարչական շրջաններում էլ պատշաճ մակարդակով կազմակերպվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները: