Նախընտրական ծրագիրը չպետք է լինի միայն բարի մաղթանքների հավաքածու, ինչպես իշխանության թեկնածուի մոտ է: Այս մասին հայտարարել է «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Սերժ Սարգսյանն իր ծրագրում խոստացել է աշխատատեղեր: Ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպես են դրանք ստեղծվելու: Ես աշխատատեղեր չեմ խոստանում: Մենք բոլորս հիշում ենք նման բնույթի նախկին խոստումները: Ստեղծվեցին 193 հազար աշխատատեղեր, սակայն դրանք շուտով փակվեցին շինարարության նվազման պատճառով: Պետք չէ խոստանալ, այլ պետք է ստեղծել օպտիմալ պայմաններ: Եվ այդպիսի բովանդակություն ունի միայն իմ ծրագիրը` ժամանակակից կոոպերացիա գյուղում: Մանր, միջին եւ խոշոր բիզնեսի համար շահութահարկի պրոգրեսիվ դրույքաչափեր: Եվ շատ ուրիշ բաներ: Սակայն ես չեմ գովում ինձ: Եթե մեկ ուրիշն ավելի լավ գաղափարներ ունի` թող առաջադրի դրանք»,- ասել է Բագրատյանը:
Ի պատասխան հավաքվածների կողմից հնչած այն հարցին, թե ինչու նա լքեց Հայ ազգային կոնգրեսը, Բագրատյանը պատասխանել է, որ ինքն այն չի լքել: Հաջորդ հարցին, թե այդ դեպքում ինչու ՀԱԿ-ը չի սատարում նրա թեկնածությունը, Բագրատյանը ժպիտով պատասխանել է. «Իսկ դա արդեն ուրիշ հարց է: Բայց ընտրություններին մասնակցել պետք է, այլ ընտրություն չկա: Միայն այսպես մենք կարող ենք ձեզ հասցնել մեր տեսակետները եւ տալ ընտրության ազատություն»:





























