Գյուղատնտեսական արտադրանքի առաջնային վերամշակումը պետք է կատարեն հենց հայ ֆերմերները: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Վերին Արտաշատ գյուղի բնակիչներ հետ հանդիպման ժամանակ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

 «Դուք բոլորդ հիշում եք, թե ինչպես ես եւ իմ գործընկերները կատարեցինք հողային բարեփոխումները: Բոլորն արդարացիորեն հող ստացան: Ոչ ես, եւ ոչ էլ իմ հարազատները այդտեղից ոչինչ չենք վերցրել:  Եվ հիշեք թե ինչպես 2001 – 2003  թվականներին, Ռոբերտ Քոչարյանի օրոք սեփականաշնորհվեցին հողային պահուստները: Ամբողջն անցավ իշխանությունների մերձավորներին»,- ասել է Բագրատյանը:

Նրա խոսքով`տնտեսության ապակենտրոնացումը պետք է լինի գյուղում (ներկա պահին հանրապետության արդյունաբերության, առեւտրի եւ սպասարկման ոլորտի մոտ 55%-ը վերահսկվում է մի քանի տասնյակ մարդկանց կողմից): Նախկին վարչապետի առաջարկած տարբերակը բաղկացած է գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կետերի բացումից եւ բերքի վերամշակումից: «Այն պայմանով, որ ոչ ոք չի կարող իր փոխարեն աշխատողներ վարձել այդ ձեռնարկություններում: Եթե ուզում ես բաժին ունենալ` աշխատիր ինքդ, թեկուզ տարվա մեջ 15 օր: Քո բաժնեմասը վաճառելու իրավունք չունես: Եթե հեռանում ես գյուղից, քո բաժինը մեխանիկորեն բաժանվում է մնացածների միջեւ»,-պարզաբանել է Բագրատյանը: Այսպիսի միջոցների նպատակն այն է, որ ֆերմերներն աշխատանք ստանան, բայց չվերածվեն բատրակների: ««Կոոպերատիվ» ասելով` ոչ ոք կոչ չի անում միացնել հողամասերը, ձեր հողերն ինչպես եղել են ձերը, այնպես էլ կմնան: Բայց ինչու ինքներս չկատարենք առաջնային վերամշակումը: Օրինակ կոնյակի գործարանին թարմ խաղողի փոխարեն հանձնել խաղողանյութ: Թող գործարաններն առաջադրեն խաղողանյութի, տոմատի մածուկի եւ ծիրանի հյութի վերաբերյալ իրենց պահանջները, որը հնարավորություն կտա ձեզ աշխատել»,- ավելացրել է Բագրատյանը` դիմելով ֆերմերներին:

Նախագահի թեկնածուի խոսքով` վերանայման կարիք ունի եւ գյուղատնտեսության սուբսիդավորման մեխանիզմը` հիմա ֆերմերների համար պարարտանյութ եւ դիզելային վառելիք են տրամադրվում, այսինքն պետությունն օգնում է դրանք մատակարարողներին, այլ ոչ թե ֆերմերին: Նրա կարծիքով` պետությունը պետք է արտադրանքի ամեն տոննայի համար լրավճար նախատեսի, իսկ ինչպես այն օգտագործել` կորոշի ֆերմերը: «Չեմ կարող խոստանալ ձեզ, որ մենք ամբողջությամբ կլուծենք գյուղի զբաղվածության հարցը: Եթե նույնիսկ գործի դրվի հանրապետության գյուղատնտեսական ամբողջ ներուժը»,-նշել է Բագրատյանը:  Ինչպես նշել է ընդդիմադիրը, դա խոստանալը շատ դժվար է` հաշվի առնելով հանրապետության սահմանափակ հողային ֆոնդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության 2010 թվականի տվյալներով`Հայաստանում մեկ շնչին բաժին է ընկնում ընդամենը 0,65 հա գյուղատնտեսկան նշանակության հող: Համաձայն պաշտոնական տվյալների` գյուղական բնակչությունը կազմում է 1,2 մլն մարդ: «Նրանց բոլորին աշխատանքով ապահովելու համար գյուղերում պետք է ստեղծվեն գյուղատնտեսությունից դուրս ձեռնարկություններ»,- ավելացրել է Բագրատյանը: