«Ժամանակ» թերթը անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի ամենօրյա  ճոխ սննդակարգին՝ նշելով, որ այն աներեւակայելի, բանական մարդու համար անընդունելի է։

«Լուրը հաղորդող ԱԺ աշխատակիցները զարմանքով պատմում էին, թե այդ ինչ «չտեսություն է» դրսեւորում Հ. Աբրահամյանը՝ «մի փոր հաց» ուտելու համար ԱԺ բյուջեից վատնելով ահռելի միջոցներ։ ԱԺ նախագահի այդ նախասիրությունն ակնհայտ է դարձել նաեւ հունվարի 8-10-ը Բրյուսել կատարած այցի ժամանակ։ Հ. Աբրահամյանն այնտեղ հանդիպել էր նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ, ով ՀՀ պատվիրակությանը նախաճաշի էր հրավիրել։  Նստելով նախաճաշի սեղանի շուրջը՝ ՀՀ ԱԺ նախագահը ցույց է տալիս ուտեստները եւ ասում. «Որ իմանայինք այսպիսի ճոխ, պինդ զավտրիկ կանեինք, մենք իրիկունը ուժին չէինք անի»։ Այս դրվագը պատկերող տեսանյութը դրված է ԵԽ-ի կայքում՝ Մ. Շուլցի հետ հանդիպման եւ «զավտրիկի» մասին պատմող տեսանյութի սկզբում, 30-35-րդ վայրկյանների միջակայքում։

Վստահաբար կարելի է ասել, որ ԵԽ-ում հատուկ են պահել Հ. Աբրահամյանի խոսքի այդ  դրվագը։ Իհարկե, այն հնարավոր էր մոնտաժել, սակայն ԵԽ պաշտոնյաներն այդպիսով Հ. Աբրահամյանի նկատմամբ իրենց վերաբերմունքն են արտահայտել։ Իսկ Հ. Աբրահամյանն էլ, իմանալով, որ այդ նախաճաշը մտնում է  պաշտոնական արարողակարգի մեջ եւ տեսանկարահանվում է, միեւնույն է՝ ճոխ սեղանը տեսնելով չի կարողացել հիացմունքը թաքցնել։

Ի դեպ, ԵԽ կայքում տեղադրված տեսանյութում՝ Հ. Աբրահամյանի եւ Մ. Շուլցի հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը ԵԽ նախագահից տնավարի առաջ է ընկել։ Հակառակը պետք է լիներ, եւ դա դիվանագիտական «կիքս» է։ Այդ դրվագում նկատելի է, որ Մ. Շուլցը Հ. Աբրահամյանի հետեւից գնալով գրեթե քմծիծաղ է տալիս»,- գրում է «Ժամանակը»։