Ռուսական S7 ընկերության ինքնաթիռում, որը Մոսկվայից Երեւան էր թռչում այսօր` հունվարի 22-ին, վայրէջք կատարելու պահին միջադեպ է տեղի ունեցել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ ոստիկանության Զվարթնոցի բաժնից եւ քաղավիացիայի վարչությունից: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ ծեծկռտուք տեղի չի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով` վայրէջք կատարելու պահին, երբ հայտարվել է, որ ուղեւորները ամրագոտիները կապեն, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղեւորներից մեկը չի ենթարկվել պահանջին, ինչն էլ թեթեւ միջադեպի պատճառ է դարձել: Միջադեպի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն եւ այդ նյութերը ուղարկվել են քաղավիացիայի գլխավոր վարչություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսական S7 ընկերության ինքնաթիռում, որը Մոսկվայից Երեւան էր թռչում, ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել է ականատեսը: Ըստ նրա՝ երբ ինքնաթիռը վայրէջքի է պատրաստվել, ուղեւորներից մեկը տեղից նետվել է, հարվածել մեկ այլ ուղեւորի դեմքին: Ուղեկցորդուհիները փորձել են հանգստացնել կռվողներին, սակայն տղամարդիկ նրանց հորդորներին ուշադրություն չեն դարձրել:Մյուս ուղեւորները ուղեկցորդուհիներին խնդրել են աղմկարարների նկատմամբ էլեկտրաշոկեր կիրառել, սակայն նրանք որոշել են առանց հատուկ միջոցների հարթել իրավիճակը: dni.ru-ն գրել էր նաեւ, որ երբ խուլիգանը սկսել է պատասխանել իրեն դիտողություն անողներին, նրան ուժով տարել են Բիզնես դասի սրահ եւ մինչեւ վայրէջք կատարելը պահել այնտեղ: Վայրէջքից հետո Հայաստանի ոստիկանությունը բռնել է տղամարդուն:





























