Թուրքիայի քրդական Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցությունը (BDP) հանդես է եկել հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով խորհրդարանական հետաքննություն անցկացնելու առաջարկով:
Առաջարկը խորհրդարանի խոսնակին ներկայացվել է հունվարի 21-ին BDP-ի մի խումբ պատգամավորների կողմից: Հայտարարության մեջ ասվել է, որ նախաքննություն չի անցկացվել պետական ծառայողների նկատմամբ, որոնք կամա թե ակամա անտեսել են իրենց պարտականությունները, հաղորդում է Hurriyet Daily News» թերթը:
Պատգամավորների խոսքով` դատական գործընթացն ուղեկցվել է գաղափարական խտրականություններով եւ խորը վերք է թողել հասարակության գիտակցության մեջ: Նրանք խնդրել են խորհրդարանական հետաքննություն անցկացնել` արդարության վերականգման եւ դատական համակարգի բնագավառում խնդիրները հարթելու համար:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանել են 2007 թվականի հունվարի 19-ին իր խմբագրության շենքի մոտ:





























