Երկրի ղեկավարը պետք է իր առաջ բարձր նշաձող դնի, այսօր՝ հունվարի 22-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

«Պետական կառավարման համակարգում աշխատելու ընթացքում ես համոզվեցի՝ ինչպիսին էլ լինի ղեկավարը, պետք է իր ժողովրդի պահանջներին համաքայլ ընթանա: Մեր ժողովուրդը շատ լավ է կարողանում սեւը սպիտակից զատել:

Մեզ հաճախ են ասում, եթե ծրագրեր ունեք, իրականացնեիք նախորդ ժամկետում: Մենք այն ժամանակ էլ էինք դա անում: Բայց հնարավոր չէ միանգամից լուծել բոլոր խնդիրները, հատկապես երբ քո թիկունքում խորհրդարանական մեծամասնությունն  է, դու պետք է նշաձողը վեր պահես, որպեսզի մյուսներն էլ այդկերպ վարվեն:

Շատ խոստումներ, այդ թվում՝ Սյունիքի մարզում, ամբողջությամբ չեն իրագործվել: Բայց պետության ղեկավարը, քաղաքական լուրջ ուժի առաջնորդը համեստ նպատակների իրավունք չունի: Իմ ամենակարեւոր խոստումը, այն է ՝ չծուլանալը, գիշեր-ցերեկ աշխատելը, ես կատարել եմ:

Մենք արագ զարգացման լավ նախադրյալներ ենք ստեղծել: 2012թ. մենք ոչ վատ ցուցանիշներով ամփոփեցինք: Տարվա տնտեսական աճը կազմեց 7%, մի կողմից դա քիչ է մեր տնտեսական խնդիրների տեսանկյունից: Մյուս կողմից, համաշխարհայինի համեմատ այն վատ չէ: Սակայն, կրկնում եմ, ցուցանիշը շատ բարձր չեմ համարում:

Ես չեմ ասում, թե Սիսիանի համար երկնքից աստղ ենք իջեցրել, սակայն պետք է խոստովանել, որ տարածքում աշխուժություն նկատվել է, որոշ հարցեր կարգավորվել են: Մենք պետք է նոր հարցեր լուծենք եւ առաջ գնանք»,- նշել է նախագահը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am