Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը 1 տոկոսային կետով բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2013 թ.՝ մինչեւ 5%: Այդ մասին նշված է ՎԶԵԲ-ի «Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսության զարգացման» զեկույցում: Նախորդ զեկույցը հրապարակվել էր 2012 թ. հոկտեմբերին:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեի 2013 թ. նախագծի հիմքում դրել է տնտեսական աճի 6,2% կանխատեսումը:
ՎԶԵԲ-ի զեկույցում Հայաստանի ցուցանիշի բարելավումը պայմանավորվել է վերամշակող արդյունաբերության եւ հանքարդյունաբերության զարգացմամբ: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում են հարկաբյուջետային կոնսոլիդացիա կառուցվածքային բարեփոխումներ: Բացի այդ՝ տնտեսությունը շարունակում է մեծապես օգտվել մեծածավալ մասնավոր դրամական փոխանցումներից:
ՎԶԵԲ-ի փորձագետների կարծիքով` Հայաստանի տնտեսությանը սպառնացող անմիջական ռիսկերը կապված են դոլարիզացիայի բարձր մակարդակի եւ արտաքին անկայուն միջավայրի հետ (մասնավոր դրամական փոխանցումներից կախվածություն եւ արտահանման թույլ դիվերսիֆիկացիա):
ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 3.5 %, Ադրբեջանում՝ 4 %, Վրաստանում՝ 5%, Թուրքիայում՝3,7%, Արեւելյան Եվրոպայում՝ 1-2%:




























