Որոշակի պայմանների ապահովման դեպքում հնարավոր է, որ որեւէ ընդդիմադիր թեկնածու Սերժ Սարգսյանին հաղթի: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԱՀԿԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

Նա նշեց, որ դա կապված չէ խորհրդարանական ընտրություններին մասնակցող եւ նախագահական ընտրություններին չմասնակցող երեք ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ե ՀՅԴ-ի հետ, քանի որ փոփոխության համար խաղի մեջ պետք է մտնի ամբողջ հասարակությունը եւ այդ հարցը հասարակության որոշելիքն է:

«Խորհրդարանական ընտրությունները դիտարկելով՝  կարելի է գալ եզրահանգման, որ նրանց մասնակացությունը ընտրություններին որեւէ բան չէր ավելացնելու այն մթնոլորտին, որն այսօր առկա է»,- ասաց նա՝ շեշտելով, որ չի ընդունում այն տեսակետը, որ քանի որ նրանք չմասնակցեցին, ընտրությունները դարձան ոչ մրցակցային:

Էդգար Վարդանյանը նշեց, որ, ոչ մրցակցային է լինում այնպիսի ընտրությունները, որոնց ժամանակ պետությունը չի ստեղծել հավասար մրցակցային պայմաններ, այս առումով կարելի է ասել, որ սրանք ոչ մրցակցային ընտրություններ են:  Անդրադառնալով անլուրջ թեկնածուների մասին խոսակցություններին՝ Էդգար Վարդանյանը նշեց, որ  հասարակությունը պետք է գնահատի՝ թեկնածուները լուրջ են, թե անլուրջ, պետությունը չպետք է միջամտի եւ մաինպուլացնի հասարակությանը:  Նա կարծում է, որ լուրջ թեկնածուներ կան:

Խոսելով քաղաքագետ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ընտրած պայքարի մեթոդին՝  փորձագետը նշեց, որ նա անհատական վարք է ցուցաբերում, հասարակության ուշադրությունը  հրավիրում է ընտրությունների կեղծ լինելու վրա եւ ստիպում է, որ ինչ-որ վարք դրսեւորի, եւ եեթ նա նույն կերպ շարունակի իր հացադուլը, ապա հնարավոր է ինչ-որ բան փոխվի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am