«Այսօր դիվանագիտական ճնշումները Հայաստանի վրա աճել են, իսկ Ադրբեջանն ավելի ամուր դիրքերից է խոսում»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանն ու հավելեց. «Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, երբ Ադրբեջանը բանակցային սեղանին ստիպված էր դիմագրավել հայկական երկու պետություններին, իսկ արդեն Քոչարյանի իշխանության տարիներին նստած էր միայն Հայաստանը, այսօր երկու թուրքական պետություններն են դուրս եկել Հայաստանի դեմ, ինչը փայլուն դիվանագիտական առավելություններ է ստեղծում Ադրբեջանի համար»։

Նրա խոսքով, նման հնարավորություններն Ադրբեջանն օգտագործելու է մինչեւ վերջ եւ միայն վերջնականապես ամրապնդվելով նաեւ դիվանագիտական ասպարեզում, նա կարող է մտածել ռազմական գործողությունների մասին: «Իսկ այս պահին ես ռազմական գործողությունները հավանական չեմ համարում»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Հարցին, թե ի՞նչն է փոխվել ԼՂ խնդրում, որ ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը, ինչպես նաեւ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը հայտարարում են, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմը չի բացառվում, եւ ո՞ւմ են ուղղված այդ ազդակները, Վ. Կարապետյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ` ձեւավորելու որոշակի հանրային կարծիք, որ զիջողականության բացակայության դեպքում ռազմական գործողությունները շատ հավանական են: Հիմա արդեն Հայաստանի իշխանությունները կարող են հղում կատարել ԱՄՆ այդ կառույցների վրա՝ դրանով ձեւավորելով նպաստավոր դաշտ զիջումների գնալու համար»: