Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ներկայացված Ռուսաստանի զարգացման հնարավոր սցենարները բացարձակապես իրատեսական չեն եւ կոնկերտ կանխատեսումներ չեն տալիս: Հունվարի  23-ին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` հանդես գալով համաժողովի` Ռուսաստանին նվիրված նստաշրջանում:

Համաժողովի կողմից պատրաստված փաստաթղթում ներկայացվում է ՌԴ տնտեսության զրագացման երեք սցենար` առաջիկա տասնամյակների համար:

Առաջինը դիտարկում է նավթի գների հնարավոր անկման ազդեցությունը  տնտեսության  վրա եւ սոցիալական կայունությունը:  Երկրորդ սցենարը ենթադրում է, որ նավթի եւ գազի պահպանվող բարձր գները  հանգեցնում են ինստիտուցիոնալացված բարեփոխումների նախաձեռնությունների բացակայությանը: Երրորդ սցենարով ինստիտուտների բարեփոխումներն իրականցվում են հիմնականում տարածաշրջանային մակարդակով` կենտրոնական իշխանությունների լճացման պարագայում:

«Այս սեցնարներից եւ ոչ մեկն ինձ բացարձակ իրատեսական չի թվում»,-հայտարարել է Մեդվեդեւը: «Ռուսաստանում կիրականացվի զարգացման չորրորդ սցենարը, սակայն նրա հաջողությունը կախված է բոլորից` ռուսաստանյան բիզնեսից, քաղաքացիական հասարակությունից,  Ռուսաստանի ժողովրդից  եւ մեր ընկերներից, որոնք այսօր հավաքվել են այս դահլիճում եւ օգնում են մեզ արդյունավետ պետություն ստեղծել եւ ժամանակակից տնտեսություն ունենալ»,-հայտարարել է Մեդվեդեւը: