Վերջին երկու օրերին  քաղաքական դաշտի ամենաքննարկվող թեմաներից մեկը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլն է։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«Մթնոլորտը, որ ստեղծվել է այս իրադարձության շուրջ, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ։ Հանրային, կիսաքաղաքական որոշակի շրջանակներ Ղուկասյանի հացադուլին գերագնահատված կարեւորություն հաղորդելով՝ միաժամանակ, ըստ էության, տաբու են դարձրել այդ թեմայի քննարկումը, Ղուկասյանի հացադուլ հայտարարելու քայլին՝ անձնազոհությունից տարբերվող որեւէ գնահատական տալը։ Աբսուրդն այնտեղ է հասել, որ մշտառաջադրվող թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարել  է, թե փետրվարի 7-ին նստելու է հացադուլի եւ պահանջելու է, որպեսզի բոլոր թեկնածուները հանեն թեկնածությունը։

Հացադուլային այս շքերթը կարող է շատ ձեռնտու լինել նաեւ իշխանությանը՝ միջազգային հանրությանն ապացուցելու համար, թե ընտրություններն այնքան մրցակցային են, որ մեկից ավելի թեկնածուներ դիմում են «պայքարի» ամենածայրահեղ միջոցին՝ հացադուլին։

Հացադուլ հայտարարելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է։ Սակայն երրբ հացադուլի հեղինակներն ու նրա թիմակիցները հայտարարում են, որ բոլոր հաց ուտողները իշխանության դրածոներն են, ակամա հարց է ծագում՝ իսկ գուցե հացադուլն արդեն իշխանության կերակրատաշտին մոտենալու ամենակարճ եւ արդյունավետ ճանապա՞րհն է»,- գրում է «168 ժամը»: