Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին եւ  դասախոսներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ժամանակ անդրադարձել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությանը, ընթացիկ փուլին, հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի:

Կարեն Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված անհավասար պատերազմում Արցախի ժողովուրդը կարողացել է ոչ միայն պաշտպանել իր հայրենիքը եւ հաղթել պատերազմը, այլ նաեւ կերտել անկախ պետականություն` հիմնված ժողովրդավարության, ազատության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա:

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Լեռնային Ղարաբաղը հանդես է գալիս հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, եւ Արցախի` որպես լիիրավ կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձի օգտին»,- ասել է Կ. Միրզոյանը:

ԼՂՀ ԱԳ նախարարը նշելով, որ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել բանակցությունների էությունը եւ ձեւաչափը, ասել է. «ղարաբաղյան խնդրի կարգավորման առանցքը հանդիսանում է Ղարաղաղի ժողովրդի ազատ կամքի ընդունումը: Մենք հավատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անպայման հաշվի առնվի»:

Նախարարը ընգծել է, որ միայն ադրբեջանական կողմից առկա իրողությունների ճանաչումը, ատելության քարոզչությունից եւ միլիտարիստական տրամադրություններից հրաժարումը, ինչպես նաեւ   ռազմական ծախսերի ավելացման դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում հակամարտության կարգավորման, խաղաղության եւ կայունության հաստատման համար: