Նորագավիթի դաշտում սեպտեմբերի 17-ին 45-ամյա Վ. Քալաշյանի ինքնասպանություն գործելու դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով: Ըստ այդ հոդվածի` նշվում է, որ քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:
Ինչ վերաբերում է նրա երկրորդ կնոջ` Մարգարիտա Բաբայանի հայտարարությանը, թե ամուսինը բռնաբարել է իր անչափահաս հաշմանդամ դստերը, ապա NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանությունը լսել է Մարգարիտա Բաբայանին, հայտարարությունը հիմք է ընդունվել, սակայն այդ մասով եւս քրեական գործի հարուցումը մերժվել է: Քրեական դատարավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հատկանիշներով: Ըստ այդմ` քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է:
Հիշեցնենք, որ Նորագավիթի դաշտում հայտնաբերվել է 45-ամյա Վ. Քալաշյանի դիակը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Քալաշյանի կինը`Մարգարիտա Բաբայանը, պատմել էր, թե վերջինս բռնաբարել է խորթ դստերը, այնուհետեւ տարիներ անց, երբ այդ մասին իմացել է մայրը, ամուսինը ինքնասպանություն է գործել: Մարգարիտա Բաբայանը պատրաստ է մինչեւ վերջ գնալ եւ հասնել նրան, որ ամուսինը հետմահու դատապարտվի իր անչափահաս հաշմանդամ դստերը բռնաբարելու համար:





























