Այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաեւ որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը: Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաեւ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով եւս ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:
Երեկ Վարդան Վարդանյանին հարցրեցինք, թե ինչու՞ է ՀՀԿ նախընտրական շտաբ այցելել, արդյո՞ք դա նշանակում է, որ նա ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, Վարդանյանը պատասխանեց. «Ես լրիվ ուրիշ հարցով էի գնացել, ու հարմար չի հիմա խոսելը»: Հարություն Քուշկյանից հարցի պատասխանն այդպես էլ չհաջողվեց ստանալ, նա խորհրդակցության էր, իսկ ավելի ուշ, անհասանելի դարձավ: Հաշվի առնելով, որ այս օրերին պաշտոնապես ու ոչ պաշտոնապես պարզվում է, որ ԲՀԿ-ականները, չնայած կուսակցության պաշտոնական որոշմանց, սատարելու են Սերժ Սարգսյանին, ստացվում է, որ իրականում ԲՀԿ-ն իր գրեթե ողջ կազմով Սերժ Սարգսյանին է սատարելու»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























