Գյումրիում ածիկի գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2014թ-ին: Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց «Երեւանյան գարեջուր» ընկերության նախագահ Հակոբ Հակոբյանը, շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013թ-ին կամ 2014 թ-ին` կախված եղանակային պայմաններից:
«Եթե մեզ մոտ ամեն ինչ ծրագրվածի համաձայն ընթանա` կարող ենք տեղավորվել այդ ժամկետների մեջ»,-ասաց Հ. Հակոբյանը: Գործարանը կկառուցվի նախկինի տեղում, այն կկառավարի «Արմամաստ» ՓԲ ընկերությունը, որի բաժնետերերը «Երեւանյան գարեջուր» եւ «Գյումրու գարեջուր» ընկերություններն են: Գերմանական արտադրության նոր սարքավորումների համար արդեն կատարվել է 2.1 մլն եվրոյի ներդրում: Նախատեսվում է, որ գործարանը կբավարարի ոչ միայն տեղական, այլեւ տարածաշրջանային շուկան` հաշվի առնելով, որ Վրաստանում եւ Թուրքիայի արեւելյան մասում նման գործարաններ չկան:
Գործարանը նախատեսված է տարեկան 20-25 հազ. տոննա ածիկացված գարու վերամշակման եւ 15 հազ. տոննա չոր ածիկի արտադրության համար: Զուգահեռ` Գերմանիայից եւ Հունգարիայից ներկրված գարու սորտերի ցանքեր է իրականացվում: Հ. Հակոբյանի կարծիքով` տեղական արտադրությունը լիովին բավարար է գործարանի հզորության համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Արմամաստ» ընկերության նախնական գնահատականներով, ներկրվող ածիկի տեղականով փոխարինումը գարեջրի ինքնարժեքը կնվազեցնի 30%-ով:




























