Չեմ կարծում, որ եթե ցուցակները հրապարակվեն, ապա ընտրություները կդառնա օրինական: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը` անդրադառնալով Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի` երկրից հեռացածների ցուցակները հրապարակելու վերաբերյալ հայտարարությանը:
Նա շեշտեց, որ քանի որ կարծում է, որ ընտրությունները արդեն անօրինական են, իսկ այս ամենը դետալներ են` հանձնաժողովներ, ցուցակներ. «Իմիտացիա է, որ հետո պարզվի, որ այս ընտրությունները լավ չեն ստացվել, որովհետեւ ցուցակները չեն հրապարակել,դա այդպես չէ: Ցուցակների հրապարակումով ոչ մի բան չի փոխվի»,- ասաց նա: Արամ Հարությունյանի խոսքով` հարցը գլոբալ իմաստ ունի, եթե մինչ առաջադրումը որոշակի ուժերի նկատմամբ եղել են ճնշումներ, բնակչության մոտ կեսը չունի առաջադրած թեկնածու, դա նշանակում է, որ խոչընդոտ է եղել եւ այդ իմաստով ընտրությունները անօրինական են:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել` ներկայացնելով իրենց մտահոգությունները ընտրությունների կապակցությամբ: Նրանք պահանջում են հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























