Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համաձայնել է երկրի սահմանադրության շուրջ տարաձայնությունների հստակեցման հատուկ հանձնաժողով ստեղծել։ Այդ տարաձայնությունները հետագայում կդրվեն քննարկման: Այդ մասին հայտնել է «Ալ Վասատ» կուսակցության առաջնորդ Աբուլալյա Մադին: 

Հատուկ քաղաքական-իրավական հանձնաժողովում կընդգրկվի 10 մարդ` հինգ քաղաքական գործիչ եւ սահմանադրական իրավունքի ոլորտի հինգ մասնագետ:

Հանձնաժողովի գործունեությունը Եգիպտոսի նախագահի անձնական վերահսկողության տակ կլինի, հայտնում է «Ռոսբալտը»:
Rbc-ն հայտնում է, որ Եգիպտոսի Պորտ Սայիդ, Իսմայիլիա եւ Սուեզ քաղաքներում հազարավոր քաղաքացիներ հակակառավարական ցույցերի են դուրս եկել` չնայած պարետային ժամին:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի քաղաքներում արդեն չորրորդ օրն է չեն դադարում բողոքողների բախումներն իրավապահ ուժերի հետ:

Անկարգությունները սկսվել են հունվարի 25-ին` հեղափոխության երկրորդ տարեդարձի օրը: Ամենաարյունահեղ բախումները տեղի են ունեցել հունվարի 26-ին` Պորտ Սայիդում, որոնք հրահրվել էին նախորդ տարվա անկարգություններին մասնակցած ֆուտբոլի երկրպագուներին մահվան դատապարտելու պատճառով:

Հունվարի 27-ին Մուրսին առաջատար քաղաքական կուսակցությունների առաջնորդներին, Եգիպտոսի ազդեցիկ հասարակական գործիչներին հրավիրել էր ազգային երկխոսության` ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով: Ընդդիմադիր ուժերի միությունը` ազգային փրկության ճակատը,  մերժել էր նախագահի առաջարկը: