Հանրապետության նախագահի կողմից «Գարեգին Նժդեհ» ֆիլմում կատարված աշխատանքը գերազանց գնահատվեց:  Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան, «Գարեգին Նժդեհ» ֆիլմում համանուն հերոսի դերակատար Արտաշես Ալեքսանյանը: «Ոտքի կանգնելը, ծափողջյուններն ամեն ինչ ասում են, թե ինչպես է անցել, ոնց է  ընդունվել»,- ասաց նա՝ շեշտելով, որ ավելի շատ դրական արձագանքներ է լսել:

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ քննադատություններ կան: Ինչ վերաբերում է ֆիլմում ավելորդ պաթոսի մասին խոսակցություններին, Արտաշես Ալեքսանյանը նշեց, որ չի նկատել նման բան, ավելի շատ կերպարի հոգեվիճակն է նկատել:

Դերասանը նշեց, որ իդեալական ոչ մի բան չկա, ստացել են այն, ինչի նպատակ էին դրել, իհարկե, հետո նայում են եւ ասում, որ կարելի էր մի բան այսպես կամ այնպես անել:

Գարեգին Նժդեհի դերակատարը նորից կոչ արեց ֆիլմը դիտել եւ նոր քննադատել: «Ես հումորով եմ վերաբերում այդ ամենին»,- ասաց նա՝  անդրադառնալով քննադատություններին եւ շեշտելով, որ չի կարելի ուրիշի ջրաղացին ջուր լցնել: Դերասանը նշեց, որ  հայկական պապական սովորություն է  մեկը մյուսի աշխատանքը քննադատելը:

Նշենք, որ հունվարի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի  է ունեցել  «Գարեգին Նժդեհ» ֆիլմի փակ դիտումը, հունվարի 28-ին` պրեմիերան, իսկ հունվարի 29-ից ֆիլմը կցուցադրվի Երեւանի բոլոր կինոթատրոններում: Մինչ ֆիլմի դիտումը եւ այժմ` դիտումից հետո էլ, բուռն քննարկումները, քննադատությունները չեն դադարում, կան բազմաթիվ կողմ եւ դեմ կարծիքներ: