Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հերթական անգամ որոշել է  մեկնաբանել հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատման հետ կապված իրավիճակը, ով, ըստ նրա, «շատ վտանգավոր է»:

Աբխազիայի ուսանողների հետ հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ չի պատրաստվում լռել, երբ քանդում են վրաց պետականությունը:

 «Հաճախ ասում են, որ ես Չախալյանին հերոս դարձրի: Ցանկանում եմ ասել, որ այս տարիների ընթացքում մենք վրաց պետությունն էինք կառուցում եւ ոչ ոքի չէին անհանգստացնում: Այս տարածաշրջանում ճանապարհներ չկային, մենք կառուցեցինք: Կառուցեցինք նաեւ Ջավախքը Բաթումին կապող ճանապարհը: Իսկ հիմա, երբ ցանկանում են քանդել վրացական պետությունը, ես չեմ լռելու»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Սահակաշվիլին նաեւ նշել է, որ Բիձինա Իվանիշվիլիին անձամբ է զգուշացրել, որ Սկրիլնիկովին եւ Չախալյանին չազատի, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Նախքան հեղափոխությունը Ջավախք ոչ մի ոստիկան չէր կարող մտնել: Ինձնից երկու տարի պահանջվեց խնդրի լուծման համար: Այդ տարածքն ամբողջապես ռուսների ձեռքում էր: Մենք նրանց ստիպեցինք զորքերն այնպես հանել, որ ոչ ոք չիմացավ: Վրացական պետությունը շատ երիտասարդ է, եւ ավերման ենթակա չէ: Ես պարզապես չէի ցանկանում, որ Ջինին բաց թողնեն շշից»,- ասել է Սահակաշվիլին:

Նա նշել է, որ եթե Վահագն Չախալյանը եւս հինգ տարի մնար բանտում, դրանից հետո այլեւս վտանգ չէր ներկայացնի Վրաստանի  համար: «Իսկ այսօր դա խնդիր է: Եթե ժամանակին Արձինբային բանտարկեին, Աբխազիայում տեղի չէր ունենա այն, ինչ եղավ», - բացատրել է նախագահը: