Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) 20 զինյալներ հայտարարելու են զենքը վայր դնելու եւ Թուրքիայից հեռանալու մասին։
Այս մասին գրում է թուրքական Taraf-ը՝ շեշտելով, որ 20 հոգանոց քուրդ զինյալների կողմից զենքը վայր դնելն ունի խորհրդանշական իմաստ։ Զենքը վայր դրած փոքրաթիվ խումբը կոչվելու է «Խաղաղության խումբ»։
Նշվում է, որ PKK-ի հետ բանակցությունների վայրը Օսլոյին փոխարինել է Հյուսիսային Իրաքի Էրբիլը։ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի այցն Էրբիլ հետաձգվել էր Փարիզում 3 քուրդ կին ակտիվիստների սպանության պատճառով։
Թուրքական Hurriyet-ը MIT-Օաջալան բանակցությունների արդյունքի հետ կապված այլ բան է գրում՝ շեշտելով, թե սկզբնական շրջանում Թուրքիայի տարածքում 100 քուրդ զինյալ է զենքը վայր դնելու եւ հետ քաշվելու Հյուսիսային Իրաք։ Նշվում է, թե մի քանի հասարակական կազմակերպություններ կհետեւեն այդ զինյալների զենքի վայր դնելու ու հեռանալու գործընթացին։
Շեշտվում է, թե Օջալանը փետրվարին արդեն կոչ կանի զենքերը վայր դնել, որից հետո արդեն գարնանը PKK-ի 100 հոգուց բաղկացած մի խումբ զենքը վայր կդնի եւ կհեռանա։





























