Ի՞նչն էր խանգարում գաղափարակից ընկերոջը՝ ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելուն՝ երեկ, ՀԱԿ քաղխորհրդի նիստից հետո, հարցրել է «Հրապարակի» լրագրողը ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանին: «Պարոն Բագրատյանը ստեղ որեւիցե մեկին հաշվի չառավ, ինքը գնաց առաջադրվեց: Ինչի մենակ ի՞նքն է մեր ընկերը, առաջադրվածներից էլի մարդիկ կան, որ իմ ընկերներն են, բայց հո չե՞նք սատարի: Պարույր Հայրիկյանին ես շատ ավելի վաղուց եմ ճանաչում, քան Բագրատյանին»: Այսինքն, ոչ մի տարբերություն Բագրատյանի եւ Հայրիկյանի միջեւ: «Հայ մարդիկ են»,- պատասխանել է Հայոցյանը:

«Եվ հետո. ձեզ հաշվի է առել, առաջադրվելու ժամանակ Բագրատյանը հայտարարեց, որ դուրս կգա պայքարից, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի»,- հիշեցրել է լրագրողը: «Պայմաններ դնելն ու ուլտիմատումներով խոսելը տեղին չէ»: Իսկ տեղի՞ն էր ՀԱԿ առաջնորդի՝ ընտրություններին չմասնակցելու տարիքի վերաբերյալ պատճառաբանությունը: «Ես ՀԱԿ առաջնորդին չեմ մեկնաբանում»:

ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասել է, թե Բագրատյանը նման առաջարկով չի դիմել Կոնգրեսին. «Եթե լիներ, միգուցե մոտեցումն այլ լիներ»: Իսկ ո՞ւր մնաց անցած հինգ տարին, գաղափարակիցներ էիք, չէ՞: «Եթե փորձում եք փորել, ես բան չեմ ասելու: Բագրատյանն այդ որոշումը մենակ է կայացրել, իր կուսակցությամբ եւ երբեք այդ հարցը չի դրել Կոնգրեսում»,- պատասխանել է տիկին Սարգսյանը: