Ժանգոտած կողպեքները լքված փայտյա տների վրա ծանր տպավորություն է թողնում եւ հաճախ հանդիպող այդ տեսարաններին չի կարելի սառնասրտորեն նայել: Այս մասին, այսօր` հունվարի 31-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Մեր գյուղերում, հատկապես սահմանամերձ, տների դարպասներին հաճախ ժանգոտած կողպեքների ես հանդիպում: Մարող գյուղը միակ բանն է, որ ինձ հանում է հավասարակշռությունից: Սակայն, ցանկացած դեպքում, դա մեր ցավն ու խնդիրն է եւ մենք պետք է դրան լուծում գտնենք: Մենք շարունակելու ենք խթանել բանկային ոլորտը` գյուղի զարգացմանն օգնելու համար: Այն, ինչ մենք արել ենք վերջին 5 տարիներին, կարծում եմ, որոշակի նշանակություն ունի գյուղի համար: Մենք կշարունակենք ինչպես մատչելի վարկերի, այնպես էլ նույնքան մատչելի վառելիքի ապահովման քաղաքականությունը: Միաժամանակ, պետք է լուծվի նաեւ մատչելի գյուղտեխնիկայի հարցը, այդ թվում կոոպերատիվների համար»,-ասել է Սարգսյանը:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























