Հայաստանի նոր արդյունաբերությունը պետք է բարձրարդյունավետ լինի: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: Սարգսյանի խոսքով, նոր արտադրությունները պետք է նորարարական գաղափարներ ունենան, իսկ բիզնեսի ազատությունը կմեծանա:
«Անկախության ձեռքբերումից հետո մեր արդյունաբերական քաղաքները, այդ թվում՝ Չարենցավանը, ծանր վիճակում հայտնվեցին: Սակայն դրա մեղավորն անկախությունը չէ, ես միայն այդ ժամանակահատվածի մասին եմ խոսում: Նախկինում աշխատող գործարանները կանգնեցին, նրանք կարող էին աշխատել միայն խորհրդային տնտեսության պայմաններում: Արդյունքում մենք ի՞նչ ունեցանք: Չաշխատող գործարաններ եւ քաղաքներ: Եւ այդ անբնական իրավիճակը շտկելու համար որոշակի քայլեր ձեռնարկվեցին: Դրանք որոշ արդյունքներ տվեցին, սակայն դրանք ակնհայտ անբավարար են Չարենցավանի խնդիրների լուծման համար:
Քաղաքային լիարժեք կյանքով ապրելու համար շատ բան է հարկավոր: Եվ այդ «շատը» պետք է ապահովեն նոր արտադրությունները եւ աշխատատեղերը: Խորհրդային արդյունաբերական հսկաների վերականգնումն անհնար է եւ անիմաստ: Մենք նոր ուղիով ենք առաջ գնում: Մենք անցանք մի գործարանի կողքով, որը ժամանակին ղեկավարում էր ձեր ներկայիս մարզպետը («Հայավտո» արտադրական միավորման ավտոբեռնիչների գործարան` խմբ.): Դրա վերականգնված արտադրամասերն առաջին արտադրանքը կտան հունիսին, սակայն նախկին երկու հազարի փոխարեն այնտեղ կաշխատի 500 մարդ: Մենք նոր մակարդակի արդյունաբերություն ենք ձեւավորում: Արդյունաբերության հիմքը պետք է կազմեն ավելացված բարձր արժեքով մրցունակ ապրանքները», – նշել է Սարգսյանը՝ դիմելով Չարենցավանի բնակիչներին:





























