Երեւանցիները չեն ցանկանում աշխատել ամսական 130-140 հազար դրամ աշխատավարձով (300 դոլար)՝ չնայած որ նման աշխատատեղերը մայրաքաղաքում բավականին շատ են: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: Ըստ Սարգսյանի՝ Հայաստանում նոր աշխատատեղերը պետք է հաշվարկված լինեն միջինից բարձր որակավորում ունեցողների համար, որը կվճարվի համապատասխանաբար:
«Շատերը խոսում են աշխատատեղերի պակասի մասին: Սակայն փոքր աշխատավարձով բավական շատ աշխատատեղեր կան, որոնց պահանջարկը շատ չէ: Չգիտեմ՝ կան արդյոք նման աշխատատեղեր Չարենցավանում, բայց Երեւանում դրանք բավականին շատ են: Սակայն մայրաքաղաքի բնակիչները չեն համաձայնում աշխատել առաջարկված աշխատավարձով՝ կարծելով, որ այն չի համապատասխանում իրենց ընտանիքների պահանջներին: Աշխատանքի վճարը բարձրացնելու հիմնական միջոցն աշխատողների որակավորումը բարձրացնելը եւ նոր որակի արտադրություն ստեղծելն է», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ 2012թ. դեկտեմբերին, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանում միջին աշխատավարձը կազմել էր 153,7 հազար դրամ, որը 2011թ. դեկտեմբերի համեմատ ավելացել է 8%-ով:





























