Նախագահական ընտրությունների քարոզարշավն անցնում է բավականին հանդարտ, քաղաքակիրթ քարոզարշավ է: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա շեշտեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք նպատակ էին դրել  քաղաքակիրթ քարոզարշավ իրականացնելու, անում են, եւ եթե համեմատելու լինենք, բողոքների առումով էլ այս անգամ վիճակը լավ է: Հովհաննես Սահակյանը նշեց, որ եթե նախկինում դժգոհություններ  կային հավաքներ անցկացնելու, քարոզչություն կազմակերպելու հետ կապված, ապա այժմ նման խնդիր չկա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց, որ քաղաքակիրթ քարոզարշավ է իրականացվում: Նա ահազանգեց մի շարք խախտումների մասին՝ անձնագրային տվյալներ հավաքագրել, վարչական ռեսուրսների անօրինական օգտագործում կրթական եւ բժշկական հաստատություններում: Նա տեղեկացրեց, որ օրինակ, ահազանգ էին ստացել, որ Չարենացավանում եւ հարակից գյուղերում դասաժամերի հաշվին ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հանդիպել է ուսուցիչների հետ, Արագածոտնի մարզպետը Աշտարակի քաղաքապետարանում շտաբի նիստ է արել եւ այլն:

Հովհաննես Սահակյանը հակադարձեց, որ իրենց պաշտոնյանները, ովքեր ներգրավված են քարոզչական աշխատանքներում, գտնվում են արձակուրդում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am