Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 31-ին քարոզարշավը սկսել է Կոտայքի մարզի չարենցավան քաղաքից, որտեղ մեկ ժամ առաջ իր նախընտրական ծրագիրն էր ներկայացնում գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախքան հանդիպումն սկսելը` Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւեց նախագահի հետ հանդիպումից մնացած ընտրողներին. «Բարի օր ձեզ, բարի ընտրություններ»: Հարցին, թե նախօրոք գիտե՞ր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին, թե խոսքը պատահական համընկնման մասին է, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է, որ պատահական ոչինչ չի լինում. «Եթե հրապարակում նախագահը լիներ, կբարեւեի նրան եւ կներկայացնեի իմ պահանջները»:

Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, Հովհաննիսյանը մտել է խանութներ, կրպակներ եւ առեւտրային կենտրոններ, նաեւ Բջնի ուղեւորվող ավտոբուսը, որտեղ զրուցել է ընտրողների հետ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: