Երեւանում, այսօր` հունվարի 31-ին, տեղի է ունեցել «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարը, որը նախագահել է Արմեն Հովհաննիսյանը:
Ելույթներով հանդես են եկել Արմեն Մկրտչյանը, Արմեն Աղայանը, Դավիթ Խոսրովյանը, Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Քանանյանը:
Կուսակցության ղեկավար մարմնի` Վարչության անդամներ են ընտրվել Արմեն Մկրտչյանը, Արմեն Աղայանը, Դավիթ Խոսրովյանը, Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Քանանյանը, Հովհաննես Եղյանը, Խորեն Հարությունյանը:
«Հայազն» կուսակցության հիմնական նպատակը ազգային պետականակերտման լայնածավալ, այդ թվում սահմանադրական բարեփոխումների իրականացումն է, որը ենթադրում է պետականության հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Հայոց ազգային նկարագրին, հոգեւոր արժեքների համակարգին, արդարության եւ բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման եւ հավաքաբար գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաեւ պատմական արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներին:
Կուսակցությունը դեմ է ազգային ինքնիշխանության սահմանափակմանը, վերպետական որեւէ կառույցում Հայաստանի ներգրավմանը: Արցախի խնդրի լուծումը տեսնում է տարածքի բնակեցման, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնման, Արցախը ՀՀ-ից անջատող ակտերի վերացման, իսկ նոր պատերազմի դեպքում բնական եւ անվտանգ սահմանի վերականգնման միջոցով: Արեւմտյան Հայաստանի հարցում մերժում է ներկա բաժանարար գիծը սահման ճանաչելու փորձերը եւ պահանջում է Ցեղասպանության տարածքային հատուցում: Պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու ջավախահայության իրավունքը:
Համագումարի ընթացքում հայտարարվել է, որ կուսակցության մոտակա քաղաքական քայլերն են լինելու նախագահական ընտրություններին «բոլորին դեմ»-ի կոչով հանդես գալը, մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցության հարցը քննարկելը»,-ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:




























